Դուբայում կայացած միջազգային փառատոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Ռոբ սթայլ դենս ստուդիո»-ի սաները (Rob Style Dance Studio) «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 14-20-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մասնակցել են World Festival Association-ի կազմակերպած պարի միջազգային փառատոնին և փայլուն ելույթների շնորհիվ բուռն ծափողջյունների արժանացել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կամուրջ» մշակութային կենտրոնի հիմնադիր Հայկ Գևորգյանն ասաց՝ փառատոնին մասնակցել են կոլեկտիվներ Ղազախստանից, Ղրղզստանից, Ռումինիայից և Հայաստանից:

«Մենք այնտեղ ներկայացրել ենք հայկական ու վրացական պարերը: Ներկա էին տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ: Մեր ելույթները շատ լավ ընդունվեցին: Հայկական պարերը մեծ հետաքրքություն առաջացրին»,-նշեց Գևորգյանն ու հավելեց՝  նման փառատոնները ստեղծագործական խմբերի համար առավել լավ աշխատելու, ավելին անելու շարժառիթ են և փորձի փոխանակման հիանալի հարթակներ:

image-21-03-23-10-07.heic (6.01 MB)

Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնությամբ և World Festival Association-ի հետ համագործակցությամբ հայկական պարի որոշ խմբեր ամռանը մասնակցելու են Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում կայանալիք փառատոնների, համերգների:

«Մենք կազմակերպում ենք համերգային ծրագրեր, փառատոններ, մրցույթներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նպատակը պարային խմբերին, երգարվեստում գործող խմբերին և անհատներին ներկայանալու հարթակնեը տրամադրելն է»,-նշեց Հայկ Գևորգյանն ու տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու «Ծաղկունք» հանրապետական փառատոնի գալա համերգը:

Ելույթ են ունենալու պարախմբեր Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից:

image-21-03-23-10-07-2.jpeg (1.69 MB)